Կանանց քաղաքական առաջնորդության խնդիրները Հայաստանում

ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված գենդերային քվոտայի կիրառման շնորհիվ ՀՀ Ազգային ժողովում և ավագանիներում կանանց ներկայացվածության առումով ակնհայտ դրական արդյունքներ են գրանցվել վերջին խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններից հետո, ինչը վկայում է, որ քվոտան արդյունավետ է աշխատել: Սակայն հետընտրական գործընթացները քվոտայի միջոցով չեն կարգավորվում, և ընտրված մարմինների ղեկավար կազմի, ինչպես նաև գործադիր իշխանության նշանակովի և ընտրովի քաղաքական պաշտոններում կանայք շարունակում են թերներկայացված լինել:

օրենքի ուժով
Քաղաքական պաշտոնը (պետական կամ հանրային) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով:

Ըստ՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի

Իրավիճակի գնահատում

I. ՀՀ Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը պետական քաղաքական պաշտոններում՝


36.4 %՝ ՀՀ ԱԺ պատգամավորների թվում,
13.3 %՝ ՀՀ ԱԺ ղեկավար կազմում:


2024 թվականի մարտի դրությամբ՝

  • ՀՀ ԱԺ 3 փոխնախագահների թվում կանայք չկան:
  • Կանայք բացակայում են ԱԺ խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների պաշտոններում:
  • ՀՀ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսն են կին ղեկավարում։
  • ԱԺ խորհրդի 15 անդամներից միայն երկուսն են կին։
  • Կանայք երբևիցե չեն զբաղեցրել ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք

II. ՀՀ Կառավարություն

Կանանց ներկայացվածությունը պետական քաղաքական պաշտոններում՝

  • ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը տղամարդ են։
  • 12 նախարարություններից միայն երկուսն են կին ղեկավարում՝ 16,7 %:
  • 50 փոխնախարարներից 10-ն են կին (20 %), ընդ որում՝ նախարարությունների կեսում կին փոխնախարարներ չկան։

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ


Աղբյուրը՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք

ՀՀ Կառավարության գենդերային կազմը չի արտացոլում Ազգային ժողովում քվոտայի շնորհիվ արձանագրված փոփոխությունները։

Աղբյուրը՝ «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական գրքույկ,

ՀՀ Վիճակագրական կոմիտե, 2023 թ.

Դրական միտում է նկատվում միայն փոխնախարարների պաշտոններում կանանց նշանակումների առումով։

Կանայք նախարարների և փոխնախարարների պաշտոններում

Աղբյուրը՝ «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական գրքույկներ, ՀՀ Վիճակագրական կոմիտե, 2016- 2023 թթ․։

օրենքի ուժով
Նախարարի տեղակալի պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ:

Ըստ՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի

Ի դեպ



1990 թվականից ի վեր Հայաստանի կառավարությունների կազմում կին նախարարների թիվը երեքից բարձր չի եղել: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ նախարարի պաշտոն են զբաղեցրել 247 անգամ, իսկ կանայք՝ ընդամենը 10 անգամ:

III. ՏԻՄ համակարգ

Կանանց ներկայացվածությունը հանրային քաղաքական և վարչական պաշտոններում՝

28.5 %՝ համայնքների ավագանիներում
5.6 %՝ համայնքի ղեկավարների թվում
9.8 %՝ համայնքի ղեկավարի տեղակալների թվում
4.9 %՝ բնակավայրերի վարչական ղեկավարների թվում


Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, 2023 թ․

Երևանի քաղաքապետարան

Կանանց ներկայացվածությունը հանրային քաղաքական և վարչական պաշտոններում՝

  • 65 ավագանու անդամներից 25-ն են կին կամ 38.5 %-ը։
  • 5 խմբակցություններից միայն մեկն է կին ղեկավարում։
  • 4 մշտական հանձնաժողովներից ոչ մեկը կին չի ղեկավարում։
  • 12 վարչական շրջանների ղեկավարների թվում կանայք չկան։

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ


Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

աՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ` տեսահոլովակում
Եզրակացություն

Կանանց ներուժն անտեսված է երկրի կառավարման ոլորտում, դասական «գենդերային բուրգն» առկա է Ազգային ժողովում, կառավարությունում, ՏԻՄ համակարգում՝ ընտրովի և նշանակովի քաղաքական ու վարչական պաշտոններում։ Մինչդեռ կառավարման համակարգում սեռերի հավասարակշռված ներկայացվածությունը ոչ միայն ժողովրդավարության առավել արդյունավետ գործընթացների անհրաժեշտ պայման է, այլ նաև մարդու իրավունքների և սոցիալական արդարության պահանջ:

Լուծումները խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում կուսակցությունների պատասխանատվության դաշտում են, ուստի հետագա քայլերը կուսակցությունների հետ աշխատանք են պահանջում՝ կանանց քաղաքական առաջընթացի ապահովման ուղղությամբ։

Կանանց ձայնը

«

Կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում այժմ առավել, քան երբևէ, կենսական նշանակություն ունի: Մենք տասնյակ տարիներ տղամարդկանց իշխանություն ենք ունեցել ու համարյա միշտ տանուլ ենք տվել մեր կառավարման գործընթացները: Եթե ուզում ենք կայուն, շարունակական զարգացում ունենալ, ապա կանայք պարտադիր պետք է լինեն որոշում կայացնողների շարքերում:


Սյուզաննա Ավետիսյան
Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

»
Կանանց առաջխաղացման առաջին խոչընդոտը հասարակական կարծրատիպերն են. հասարակությունը չի ընդունում ուժեղ, կայացած կին քաղաքական առաջնորդին: Դա ավելի վառ արտահայտված է տեղական մակարդակում՝ գյուղական համայնքներում, քան ազգային, բայց երկու մակարդակներում էլ կանայք պարբերաբար բախվում են այդ խնդրին: Որոշ կանայք կարողանում են հաղթահարել հասարակական կարծիքը և շարունակել իրենց քաղաքական ուղին, իսկ որոշ կանայք մնում են կես ճանապարհին...


Մարի Թևոսյան
Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար


«
Համամասնական ընտրակարգի ու քվոտայի շնորհիվ շատերս ընդգրկվեցինք ավագանու կազմում: Եթե այդ քվոտան չլիներ, իմ կամ մյուս կանանց մասին գուցե չհիշեին էլ: Այս առումով համամասնական ընտրակարգը շատ օգտակար էր կանանց առաջխաղացման համար: Ոչինչ, որ ընտրված կանանց որոշ մասն անփորձ է, աշխատանքի ընթացքում փորձ ձեռք կբերի ու այնքան կաճի, որ հաջորդ ընտրություններին ավելի համարձակ կներգրավվի քաղաքական գործընթացներում:


Արմինե Պողոսյան
Արաքս համայնքի ավագանու անդամ

»
Տղամարդիկ երբեմն թերահավատորեն են նայում և չեն ուզում ընդունել, որ կանայք էլ կարող են լինել լավ կառավարիչներ: Այդ կարծրատիպը կոտրելու համար պետք է որ շատ ավելի մեծ թվով կանայք լինեն կառավարման համակարգում, պետք է ավելի շատ պաշտոններ վստահել կանանց: Այս առումով մենք նաև սեփական օրինակով ենք խրախուսում կանանց ներգրավվածությունը:


Արմինե Հովհաննիսյան
Դիլիջան խոշորացված համայնքի ավագանու անդամ

«

Լուսանկարները՝ Մարզային հանդիպումներ, ՕքսԵՋեն

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ապահովել քաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, նախևառաջ՝ կուսակցությունների պատասխանատու մասնակցությունը կանանց քաղաքական առաջընթացի ապահովման գործում:
  • Հետևողականություն ցուցաբերել կանանց քաղաքական առաջնորդությունը խթանելու և որոշումների կայացման մակարդակում կանանց մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ:
  • Նախաձեռնել կանանց քաղաքական առաջնորդությանն ուղղված ծրագրեր և դասընթացներ, խրախուսել գենդերային հավասարության և կանանց զորացման ուղղությամբ նախաձեռնությունները տեղական և ազգային մակարդակում:
  • ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխման շրջանակում ուսումնասիրել և առաջարկել ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններում բացահայտված գենդերային քվոտան նվազեցնող երևույթները հետագայում կանխելու մեխանիզմներ:
Ավելին ․․․
  • Ապահովել ՀՀ գենդերային քաղաքականության 2019-2023 թթ. ռազմավարությունով նախանշված կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմը կատարելագործելու մասին նպատակի հետևողական իրագործումը:
  • Նախաձեռնել կանանց առաջընթացին աջակցող մեխանիզմների ներդրումը ոչ միայն ընտրովի, այլ նաև գործադիր իշխանության քաղաքական և բարձրագույն նշանակովի պաշտոններում կանանց ներկայացվածությունն ապահովելու նպատակով։
  • Բարելավել գենդերային վիճակագրության հավաքագրումը և մշտադիտարկում իրականացնել ՏԻՄ համակարգում, գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածության վերաբերյալ:
  •  Հաշվի առնել գենդերային հավասարության սկզբունքը կամ կիրառել գենդերային քվոտան վարչական ղեկավարներ նշանակելիս:
  •  Համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ համայնքային մակարդակում գենդերային խտրականությանը նպաստող «վնասակար գործելակերպերի» հաղթահարման գործում:
  • Բարելավել կուսակցություններում կանանց առաջնորդության ձևավորմանն ուղղված օրենսդրական մեխանիզմները՝ չսահմանափակվելով միայն ֆինանսական խրախուսման մեխանիզմով:

Միջազգային փաստաթղթեր




Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CEDAW կոմիտե)՝ հիմք ընդունելով իր թիվ 23 (1997 թ.) ընդհանուր հանձնարարականը քաղաքական և հասարակական կյանքում կանանց վերաբերյալ, առաջարկում է մասնակից պետությանը․

... Կիրառել նպատակաուղղված միջոցներ, ներառյալ ժամանակավոր հատուկ միջոցներ, ինչպիսիք են քվոտաների ավելացումը և քարոզարշավների նպատակային ֆինանսավորումը, բարձրացնելու կանանց ներկայացվածությունը Կառավարության բոլոր մակարդակներում, Ազգային ժողովում, դատական համակարգում, ակադեմիայում, դիվանագիտական ծառայությունում և միջազգային կազմակերպություններում, հատկապես որոշումներ կայացնող մակարդակում։

CEDAW կոմիտե

ՀՀ 7–րդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ (2022)
կարդալ ավելին
Made on
Tilda