Գենդերային բռնության դեմ պայքարի ընթացքն ու ազդեցությունը կանանց առաջընթացի վրա

Ընտանեկան բռնությունը ուժի, իշխանության և վերահսկողության դրսևորում է, որն ազդում է մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ընտանեկան բռնությունն անհամաչափորեն է ազդում կանանց վրա, հասցնելով ֆիզիկական և հոգեկան վնասներ, ստեղծելով կախվածություն և սահմանափակելով ինքնուրույնությունն ու առաջընթացի հնարավորությունները:

Այս ուղղությամբ քաղաքականության փաստաթուղթ մշակելու համար հիմք են ծառայել «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում անցկացված մարզային քննարկումները, որոնց մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից կանանց ու երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետարանների աշխատակիցներ և սոցիալական աշխատողներ, ավագանու անդամներ և երիտասարդ ակտիվիստներ։

Իրավիճակի գնահատում
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
ՀՀ վիճակագրական կոմիտեի հետազոտության համաձայն՝

- 31.8 % Հարցված կանանց գրեթե մեկ երրորդը հայտնել է, որ ենթարկվել է հոգեբանական բռնության մտերիմ զուգընկերոջ կողմից.
- 29,2 % Հարցված կանանց գրեթե մեկ երրորդը հայտնել է տնտեսական բռնության մասին.
- 14.8 % Հարցված կանանցից յոթից մեկը հայտնել է ֆիզիկական բռնության մասին.
- 6,6 % Հարցված կանանցից տասնհինգից մեկը հայտնել է սեռական բռնության մասին:




Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց ընդամենը 12 %-ն է դիմում օգնության որևէ պատասխանատու կառույցի, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական տարածվածության և ազդեցության մասին խոսելը շատ դժվար է, քանի որ դեռևս առկա է խնդիրը չբարձրաձայնելու միտում։

կարդալ ավելին

Հայաստանում ամեն տարի առնվազն 10 կին է սպանվում ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

կարդալ ավելին

ՀՀ ոստիկանության տվյալներով

2023 թվականի ընթացքում՝
- 1338 ընտանեկան բռնության դեպք է գրանցվել (2022 թվականին՝ 1186).
- 619 անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել (2022 թվականին՝ 466).
- 964 հաշվառման վերցնելու դեպք (2022 թվականին՝ 902)
- 1266 հաշվառման մեջ գտնվելու դեպք (2022 թվականին՝ 1194)
- 424 նախազգուշացման որոշումների դեպք (2022 թվականին՝ 436)

Կանանց աջակցման կենտրոնի տվյալներով



2023 թվականին՝

– 1085 կանանց և երեխաների ընտանեկան բռնությունից պաշտպանության ծառայություններ է մատուցել.
– 3851 թեժ գծի զանգ է ստացել.
– 265 կին և երեխա ապահով կացարան են ստացել.
– 2048 սոցիալական խորհրդատվություն է տրամադրել.
– 713 իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել.
– 160 դատական նիստերի և քննչական գործողությունների է մասնակցել:


Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից

Ի՞նչ են փաստում մարզային քննարկումները
  • Հատկապես մարզերում շատ սուր են գենդերային կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց ու աղջիկների առաջընթացը՝ սահմանափակելով նրանց հնարավորությունները կրթության, մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, հանրային ակտիվության, առավել ևս քաղաքական մասնակցության հարցերում։
  • Կանանց ակտիվության և որոշումների կայացման մակարդակում ներգրավվածության հիմնական խոչընդոտ են ընտանիքի անդամների ճնշումներն ու հոգեբանական բռնությունը, որն անհավասար հարաբերությունների, խտրականության և կարծրատիպային մտածողության հետևանք է և արտահայտվում է մասնագիտության, զբաղմունքների ու աշխատանքի ընտրության սահմանափակումների ու արգելքների տեսքով։ Ամուսինները, ընտանիքի անդամները հաճախ արգելում են կանանց մասնակցել ընտրություններին որպես ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար։

Կանանց ձայնը

«
Հարազատները խոչընդոտում ու չեն թողնում, որ կանայք առաջընթաց ունենան, քաղաքական ակտիվ մասնակցություն, ամենաբարձր տեղը, որ հասնում են կանայք, ավագանին է։

Վայոց ձորի մարզ


«
Համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացողներին նաև թիրախավորում են կամ փորձում են լռեցնել՝ պնդելով, որ հանրային դաշտը տղամարդկանց տիրույթն է, իսկ կանայք պետք է զբաղվեն տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ։

Լոռու մարզ


»
Տնտեսապես անկախ լինելու և աշխատելու համար բավարար չէ, որ կինն աշխատի։ Եթե չկան մանկապարտեզներ մարզերում և առավել ևս՝ գյուղական համայնքներում, կամ մանկապարտեզները մինչև 6-ը չեն աշխատում, ապա առաջանում են խոչընդոտներ։ Անհրաժեշտ է, որ պետությունը մտածի այս ուղղությամբ։

Արագածոտնի մարզ


«

«Կանայք հաճախ չեն բարձրաձայնում բռնության վերաբերյալ, չեն ահազանգում ոստիկանությանը։ Շատ ցավալի է, որ մեր կանայք, չազդարարելով բռնությունների մասին, չեն փորձում լուծել դա իրավական ճանապարհով»։

Կոտայքի մարզ


»

«Պետք է մեծ աշխատանք տանել համայնքային սոցիալական աշխատողների և ոստիկանների հետ, քանի որ փոքր համայնքներում առաջինը ընտանիքի հետ աշխատում է սոցիալական աշխատողը, իսկ իրենց դիմած կանանց լռեցնում են։ Ինչպես նաև ոստիկանները լռեցնում են կանանց, ասելով, որ քո ամուսինն է, մի՛ բարձրաձայնիր։ Կարևոր է ունենալ գիտելիք, թե ինչպես վարվել բռնության դեպքերի ժամանակ, և ուր ուղղորդել՝ գրագետ աջակցություն ստանալու համար»։

Սյունիքի մարզ


«
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը

  • Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական և մշակութային մակարդակում կանանց և տղամարդկանց վարքագծի փոփոխության, գենդերային կարծրատիպերի դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ։
  • Իրականացնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարին վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ՝ օգտագործելով Հանրային հեռուստատեսության, ռադիոյի և այլ ռեսուրսներ՝ լայն լսարանին խնդիրը հասանելի դարձնելու նպատակով։
  • Հանրային տեղեկատվական արշավների միջոցով հասանելի դարձնել յուրաքանչյուր մարզում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրող կենտրոնների թեժ գծերի հեռախոսահամարները, ինչպես նաև ծառայությունների շրջանակը։
Ավելին ․․․
  • Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կրթության բովանդակության փոփոխության ուղղությամբ՝ կանանց ստորադասման կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաշխման պատկերացումները հաղթահարելու նպատակով։
  • Հատկապես տղամարդկանց շրջանում իրականացնել կարծրատիպերի և վարքային մոդելների փոփոխությանն ուղղված միջոցառումներ՝ կանանց և տղամարդկանց իրավագիտակցության համաչափ փոփոխությունն ապահովելու նպատակով։
  • Ոստիկանության աշխատակիցների շրջանում իրականացնել գենդերային բռնության և գենդերազգայուն մոտեցմանն ուղղված վերապատրաստման միջոցառումներ։
  • Վավերացնել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան։
  • Իրականացնել վերապատրաստման դասընթացներ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների համար՝ ընտանեկան բռնության դեպքերի վերհանման և աջակցման կենտրոններ ուղղորդման վերաբերյալ։
  • Ներդնել կանանց տնտեսական հզորացման ծրագրեր և ապահովել աշխատատեղեր հատկապես գյուղական համայնքներում ապրող կանանց համար։
  • Հայաստանի բոլոր համայնքներն ապահովել նախակրթարաններով, որպեսզի երիտասարդ կանայք հնարավորություն ունենան աշխատելու, ինչպես նաև երեխաների կրթությունն ու սոցիալականացումն իրականացվեն վաղ տարիքում։
Իմ հորդորն է կանանց՝ մի՛ վախեցեք, բացահայտեք ձեր դժվարությունները, զարգացեք, ինքնահաստատվեք ու ձեր իրավունքները մի՛ ստորադասեք տղամարդկանց իրավունքներին, սա կօգնի կանխարգելել բռնության դրսևորումները։
Ջեմմա Հարությունյան
Ամասիայի համայնքապետ
Բռնության կանխարգելման ամենակարևոր քայլը դրա մասին բարձրաձայնումն է, բռնության դեմ պայքարի ամենամեծ խոչընդոտը բռնության մասին լռելն է, դրա մասին հաղորդում չներկայացնելը։
Դիանա Գասպարյան
Էջմիածնի համայնքապետ
Made on
Tilda